06 01 2021

«Կարճ ասած»․ Կա՛մ թողնում ենք, որ Նիկոլը գրի Հայաստանի պատմության վերջին էջը կա՛մ  ոտքի ենք կանգնում



 

Հերթական խայտառակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր դերակատարմամբ։ «Ժողովրդի» վարչապետը՝ իրեն Հիսուսի, Հռոմի պապի հետ համեմատողը, ավետարանից մեջբերում անողը խուսափում է եկեղեցի մտնել, Սուրբ պատարագի մասնակցել։ Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ Սուրբծննդյան պատարագին իշխանությունը ընդհանուր որոշմամբ չմասնակցի։ Ինչո՞ւ չէր մասնակցում Փաշինյանը։ Նոյեմբերի 9-ից հետո մենք տեսանք, որ նա որտեղ գնում է, գնում է հազարավոր ոստիկանների, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։ Բայց Սյունիքում դա էլ չօգնեց։ Նա ստիպված է որևէ տեղ գնալ առանց նախապես հայտարարելու, որպեսզի բողոքի ցույց չլինի։ Հիմա նաև պետք է գնա էնպիսի ժամի ու պահի, որ ինքը մենակ է, որովհետև եթե թիկնապահները կամ զրահապատ զոնտիկները կարողանան էնպես անել, որ ժողովուրդը նրան չմոտենա կամ պոմիդոր ու ձու չդիպչի, բայց զրահապատ անձրևանոցը և թվով ու չափսերով հսկայական թիկնազորը, մեկ է՝ խլացուցիչ չէ, որ հայհոյանքները չհասնցնի Նիկոլի՝ քֆուրին արդեն ընտելացող ականջներին։

Զզվելի կյանք է, թշնամուս չեմ ցանկանա․ պատկերացրեք՝ ուր գնում է գոռում են դավաճան, հողատու, մարդասպան։ Սրան չէր դիմանա աշխարհում և ոչ մի ղեկավար, եթե պնդաճակատ ու աներես չէ, որը ոչ գրական լեզվով ասում են «պադոշ»։

Նիկոլ Փաշինյանը մարդկանց տրամադրությունները ստուգելու համար ավետարանից մեջբերում արեց իր ֆեյսբուքյան էջին։ Ու տակը հավաքեց լիքը հայհոյանքներ ժողովրդի կողմից և «վարչապետ ջան մենք քո հետ ենք» խոսեքերը՝ պաշտոնյաների ու ֆեյքերի ՊՈԱԿ-ի կառավարած ֆեյքերի կողմից։ Նա կրկին հասկացավ, որ մերժված է։ Քաշվում է եկեղեցուց, որովհետև Սյունիքում վանահայրն ասաց՝ գնա ու սպասի Աստծո դատաստանին։ Մերժված է, որովհետև կաթողիկոսն ասում է՝ դու զգոնություն չես ունեցել, դու հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասել ես քո նեղ անձնական շահերին, դու ներս ես բերել օտարածին գաղափարներ ու բարքեր։ Դու մեր կյանք ես բերել կեղծիք, անհանդուրժողություն, ատելություն, թշնամանք։ Դու ամենքից ու ամեն ինչից խորթացած՝ խորթացար նաև եկեղեցուց։ Մերժված է, որովհետև մարդիկ հավաքվել էին եկեղեցու բակում՝ արգելելու նրա մուտքը Աստծո տաճար։

Վարչապետի՝ եկեղեցի չգնալը շատ ծիծաղելի կերպով է բացատրում խոսնակը, ասում է, թե Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ վարչապետը ինքնամեկուսացված է։ Համաճարակային իրավիճակը, հիշեցնեմ, մարտ ամսից է, բայց վարչապետը որոշեց հիմա մեկուսանալ, չնայած որ արդեն մեկ անգամ մեկ շաբաթով վարակվել էր։ Ավելի լավ է խոսնակն այլ պատճառ բերեր, օրինակ՝ բունկերից դժվարանում է դուրս գալ։ Նիկոլը մարդամեջ դուրս չի գալիս, որովհետև հոգնել է, հոգնում է այդքան վիրավորանքներից։ Բայց չի նա չի՞ մտածում, որքա՞ն կարող է այսպես ապրել, ձգձգել պաշտոնանկությունը։ Նա չի հասկանում, որ սա չմարող ալիք է։ նրան հայհոյում է ժողովուրդը, չունի աջակից անգամ ուժայինների մեջ, որ դուրս հանի ժողովրդի դեմ։ Քանի՞ անգամ ենք ականատես եղել, որ ոստիկաններն իրենք են ըմբոստանում։

Լավ Նիկոլը չգնաց եկեղեցի, բա թի՞մը։ Ամբողջ իշխանությունըից գնացել էր միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նա էլ ասաց, որ գնացել է մեղքերի թողություն խնդրելու։ Դե երևի գիտի, թե որ մեղքերի համար է թողություն խնդրում։

Թիմը չկար։ Ինչո՞ւ, որովհետև Նիկոլը հա՛մ իրեն է փչացրել, հա՛մ թիմին։ Նրանք ամեն ինչ անում են մարդկանց չհանդիպելու համար, վախենում են։ Ազգային ժողով մտնելու վերջին փորձերը տեսանք ինչպես տապալվեցին։ Կա՞ մի միջոցառում, որտեղ տեսնում եք նախարար կամ իմքայլական պատգամավոր։ Նրանք արդեն խավարասերի պես են ապրում։ Բայց պետք է հարց տան իրենց ու իրենց թիմի ղեկավարին՝ Նիկոլ, ես ի՞նչ մեղավոր եմ, ի՞նչ եմ արել, որ դարձա դավաճան։ Մարդիկ իրենց համար նստել՝ Արծրունի հաղթական ստատուսներն էին ցիտում, մեկ էլ պարզվեց, որ առանց իրենց կարծիքը հարցնելու, մեր հողերը էլ մերը չեն։ Բայց նաև իրենց են դավաճան համարում։ Բա էդ մարդիկ պետք է, չէ՞, տղամարդկություն ունենան ու իրենց շեֆին ասեն՝ ինչո՞ւ են ինձ երեսիս հայհոյում, հետևից հայհոյում, քաշքշում, ձվահարում։ Բա պիտի պատասխան պահանջեն, չէ՞։ Պահանջելու են առաջիկա օրերին, որովհետև էս ալիքը ամեն օր խորանում է։ Էսօր հազիվ ձեր գործի տեղն եք մտնում, վաղը դա էլ չեք կարողանալու։ Ավելին ասեմ, վաղը երբ այլևս իշխանություն չունենաք, չեք կարող այլ գործի անցնել, չեն ընդունի, անգամ ընդդիմության չեք կարող աշխատել, մերժելի կլինեք բոլոր միջավայրերում։ Անգամ առաջվա պես ակտիվիստ չեք կարող աշխատել, թեկուզ՝ փողով։ Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր մերժեցիք ձեզ մեկնած փրկության ձեռքը։ Ու ձեզ համար այլևս չի լինի փրկության ճամփա, եթե շարունակեք մնալ էդ խորտակվող նավի մեջ ու սուզվել հատակը։ կամ էլ թափ տվեք ձեզ ձեր մի քանի գործընկերների պես, որոնք հասկացան իրավիճակը և ըմբոստացան։

Ամենավատը դա չէ, թքած ձեր վրա, դուք մեկ է՝ մի օր գնալու եք, որքան էլ պադոշ լինեք, մի օր այլևս անտանելի կլինի, որ ոչ եկեղեցի եք կարողանում գնալ, ոչ խանութ, ոչ սրճարան, ոչ բարեկամի տուն այցի ու հրաժարական կտաք։ Ընդամենը ձեր մասին պատմության մեջ գրվելու է դավաճան ու վերջ։ Բայց պետությունն է մեղք, որովհետև այս ընթացքում հարվածներ է ստանում, ժողովուրդն է մեղք, մաշվում են, հիասթափվում են։ Անորոշությունը ամենուր է։

Ցանկացած իրեն հարգող պետություն պետք է ունենա կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագիր։ Աշխարհն էլ ավերվի, նա իր՝ գոնե կարճաժամկետ ծրագիրը պետք է իրականացնի։ Հիմա ասեք՝ բացի երկիրը քանդելու ծրագրից, ո՞րն են իրականացրել։ Կարո՞ղ է որևէ իշխանավոր ասել, թե մեր պետությունը վաղվա, մոտ ապագայի ու հեռավոր ապագայի ինչ ծրագիր ունի։ Ո՛չ, ժողովո՛ւրդ, չկա, որովհետև անգամ չգիտենք՝ մենք ունե՞նք հեռավոր ապագա, թե՝ ոչ։ Սա է անորոշությունը։ Ես չգիտեմ՝ մեր պետության ուղղությունը, ուր է գնում։ Եվ քանի որ դա չգիտեմ, ես էլ ծրագիր չեմ կազմում մեր երկրում։ Էդ պետության զարգացումը կախված է նաև իմ ծրագրից, բայց մեզանից ոչ ոք իր գլխի գալիքը չգիտի։

Մեզանից բոլորը, դուք բոլորդ նախկինում գրեթե ամեն օր անդրադարձել եք ձեր ծրագրերին՝ էս տարի ջերմոց կբացեմ, էս տարի կգնամ այսինչ երկիրը հանգստանալու, տուն կգնեմ, մեքենա կգնեմ, էս կանեմ, էն կանեմ․ կարո՞ղ եք ասել, թե ձեզնից քանիսն է մեր երկրում իր պլանները կազմում տուն առնելու, ամուսնանալու, երեխա դաստիարակելու, կրթություն տալու, բիզնես բացելու մասով։ Գրեթե բոլորն ապրում են էսօրվա օրով։ Ոչ մեկս մեր երկրի հետ կապված ծրագիր չունենք, մեր ապագան չենք տեսնում։ Որովհետև ծրագիր չունի նաև պետությունը, ուղղություն չի տալիս մեզ։ Հատակը ծակ նավակի պես լողում է ծովի ալիքների վրա․ քամին հետ ու առաջ է տանում, փոթորիկն էլ կխորտակի։

Կարճ ասած՝ պատմությունը շատ օրինակներ ունի, թե ինչպես են երկրները կորցրել իրենց պետականությունը, բայց նաև՝ վերացել-գնացել։ Կամ մենք թողնում ենք, որ Նիկոլը գրի Հայաստանի պատմության վերջին էջը կամ էլ մենք ոտքի ենք կանգնում։ Իշխանավորներ, ասում էիք՝ մենք իշխանությունը չենք ճանկռելու, ատամներով չենք պահելու։ Բա ինչո՞ւ եք պահում․ չե՞ք տեսնում, որ բոլորի կողմից մերժված եք։ Ո՞ւմ վրա է ձեր հույսը։

Այսօր բոլորը պետք է նայեն առանց Նիկոլ ապագային, նրա գնալը ժամանակի հարց է։ Պետք է յուրաքանչյուրն իրեն պահի այնպես, որ այդ ապագայում տեսնի իրեն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ